Այսօր իմ հասակակիցները (ի դեպ ես բոլորեցի իմ 87 տարին), միջին սերունդը հպարտ է  մեր երիտասարդների հրաշք պահվածքով, հայրենասիրությամբ, հարկ եղած դեպքում մի բռունցք դառնալու կարողությամբ։ Թվում էր անիրականալի, բայց դուք կարողացաք հակադրվել խոր արմատներ գցած քրեաօլիգարխիկ համակարգին նահանջելու և տեղի տալու սերնդափոխությանը։

Սա արժանապատվության հաղթարշավ է, ժողովրդի զարթոնք։ Սա սոսկ ընդվզում չէ մինչև ականջները կոռումպացված օլիգարխիայի և նրան առաջնորդող  ՀՀԿ-ի դեմ։ Այո, հպարտ եմ, բայց և միաժամանակ ամոթի զգացում է պատում ինձ, որ ես պատկանում եմ այն սերնդին, որն արդեն շուրջ երեք տասնամյակ եղածի վրա մեկ քար ավելացնելու, զարգացնելու փոխարեն երկիրը հասցրեց այս օրհասական վիճակին։ Հասկանալու համար թե ինչ կատարվեց, հարկ է մի հետադարձ հայացք գցել, շատ թռուցիկ։ Հայաստանը 70 տարի գտնվում էր Խորհրդային Միության կազմում։ Անկախ կոմունիստական փուչ գաղափարախոսությանը և նրա արատավոր կողմերին, Հայաստանը մոխիրների միջից հառնեց, ոտքի կանգնեց հատկապես վերջին 50 տարիներին։ Կառուցվեցին ծանր արդյունաբերության բազմաթիվ գործարաններ, զարգացան սննդի (հայկական կոնյակը) և թեթև արդյունաբերությունները։ Աշխարհի առաջ Հայաստանը կանգնեց իր Բյուրականի աստղադիտարանով, Համբարձումյանով ու Մերգելյանով, Ալիխանյան եղբայրներով ու Գյուրզադյանով, սպորտով ու մշակույթով։ Մեր ժողովուրդն իր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ արտաբերեց ՆԵՐԳԱՂԹ բառը։ Սա փաստ է, և ոչ կարծիք։ Նորից փաստենք, որ վերոհիշյալը այն տարիներին էին, երբ Հայաստանն անկախ չէր։ Աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր ընտանիքներ վերադարձան իրենց երազած հայրենիքը։ Եկեք երախտամոռ չլինենք, որ հենց դրա համար մեր ժողովուրդն ապրում էր ավելի արժանապատիվ ու բարեկեցիկ։ Սա պարադոքս է, բայց և իրականություն։ Ասեմ, թե ինչ եղավ հետո։ Ժողովրդին համախմբեց Հայաստանը անկախ տեսնելու երազանքը։ Այսօրվա նման ժողովուրդն ալեկոծվեց, համախմբվեց և, թերևս պատմության մեջ առաջին անգամ, ազատագրական շարժումը դարձավ համազգային, որը վերջացավ նրա հաղթանակով։ Հայաստանը դարձավ  ՙ ՙանկախ՚ ՚՝ իր դրոշով ու զինանշանով։ Գոնե մեզ այդ տարիներին այդպես էր թվում։ Բայց, ինչպես հետագայում պարզվեց, ջրից դուրս եկանք ընկանք կեղտաջուր։

Չանցած մեկ տարի ծաղկուն ու բարգավաճ, բայց և ոչ անկախ Հայաստանը փլուզվեց, քանդուքարափ եղավ այն, ինչ 70 տարի ստեղծվել, կառուցվել էր հայ մարդու մտքով ու ձեռքով։ Այնպիսի տպավորություն էր, կարծես մորեխների երամ անցած լիներ՝ իր ետևից թողնելով ավեր…

Երկիրն ընկղմվեց ցրտի ու խավարի մեջ։ Քանդվեցին, թալանվեցին, մի քանի հազար դրամով վաճառվեցին վերը նշածս համաշխարհային ճանաչում ստացած գործարանները, փակվեցին գիտահետազոտական ինստիտուտները, արվեստի օջախները։ Գործազուրկ մնացին հազարավոր բանվոր ծառայողներ։ Մասսայական ծառահատումները երկիրը կանգնեցրին էկոլոգիական աղետի առաջ։ Մարդիկ վառում էին իրենց գրքերը՝ ցրտից փրկելու իրենց երեխաներին։ Այս բոլորը փաստ է, այլ ոչ կարծիք։ Սիրելի թոռնիկներ, այդ տարիներին ձեզանից մի մասը կամ դեռ ծնված չէր, կամ 5-6 տարեկան էր. հարկ է, որ տեղեկանաք։ Որքան էլ ափերից դուրս եկած գետի սկիզբն ու ակունքները մաքուր ու անապակ էին, ճանապարհին իրենց հետ բերեցին տիղմն ու պղտորը, և այդ տիղմը դարձավ երկրի տերը (Աստված չանի, որ դա կրկնվի այսօր)։ Դա զորբաների ու չտեսների կիսագրագետ մի ոհմակ էր իր առաջնորդի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Նա պարզապես գողացավ ժողովրդի հաղթանակի դափնիները։ Եվ այսօր էլ իր ինքնահավան ու մեծամիտ կեցվածքով ելույթներ է ունենում և ցուցումներ տալիս, թե ինչպես պետք է ղեկավարել երկիրը։ Ի դեպ, նա գուցե ղարաբաղյան պատերազմի հաղթանակն էր է իրեն վերագրում։ Կուզեմ հիասթափեցնել ու ասել, որ, ինչպես այսօր, մեր ժողովուրդը օրհասի պահին գիտի համախմբվել հանուն իր ժողովրդի և հողի։ Պատերազմը հաղթեցին նրանք, որոնց մի մասն այսօր հազիվ գոյատևում է, իսկ մյուսները հանգչում են Եռաբլուրում։ Իրականում Լևոն Տեր-Պետրոսյանի գցած սերմերը մոլախոտ դարձած այսօր ծիլեր են տալիս։

Համբերության բաժակը լցվեց, և դուք, մեր փայլուն երեխեք ու թոռներ, Աստծո օրհնությամբ դիմակայեցիք՝ առանց մի կաթիլ արյուն թափելու։ Փառք ու պատիվ ձեզ ու ձեր առաջնորդին։

Մեր ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ հայը սկսեց փախչել հայից և իր ՙ ՙանկախ՚ ՚ երկրից։ Մեղավորները պատասխան են տալու երկրում ստեղծված իրավիճակի, ձեզանից խլված 20-25 տարիների համար։ Ես վենդետայի, ինքնադատաստանի կողմնակից չեմ, բայց ավելի քան համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ կհնչի ՙ ՙոտքի, դատարանն է գալիս՚ ՚։

Այսպիսով, եթե իրերը կոչենք իրենց անուններով, մինչ այսօր դե ֆակտո Հայաստանը անկախ չի եղել ժողովրդի համար։ Դա մի շատ հարմար ժամանակաշրջան էր քրեաօլիգարխիկ համակարգի համար թալանելու, հարստանալու սեփական ժողովրդի թշվառության հաշվին։ Որքան երկիրը հայաթափվում էր, այնքան հեշտ էր լինում գործելը։ Չեմ ուզում շարունակել,  ՙ ՙմեծապատիվ՚ ՚ ՀՀԿ-ական պարոններ։ Ժամանակն է, որ հետևեք ձեր առաջնորդին և իջնեք բեմահարթակից։ Հայաստանը փաստորեն անկախացավ այսօր, մայիսի 8-ին, որը համընկավ Շուշիի ազատագրման հետ։

Մեծն Թումանյանը 100 տարի առաջ կանխազգացել էր, որ գալու է այդ օրը և գրել էր այս հանճարեղ տողերը.

-Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազար, հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին

Կենսաժպիտ իր շողերը պիտի ժպտան առաջին,

Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով։

Իմ նոր հայրենիք,

Հզոր հայրենիք…

 

արվեստի վաստակավոր գործիչ՝ Լաերտ Պողոսյան

09.05.2018




  Рубрика: Новости, Политика, Социум, СТАТЬИ
  Последнее обновление: 19/05/2018